FocusWriter-ն արտաքին շեղումներից ուշադրությունը զերծ պահող պարզ տեքստային խմբագրիչ է։ Այն գործածում է թաքնվող միջերես, որը հասանելի է դառնում էկրանի ծայրերին մկնիկի շարժմամբ հպվելու միջոցով։ Սա թե՛ ծրագրին տալիս է գործածողի աչքի համար սովորական տեսք ու զգացողություն, թե՛ միաժամանակ նրան թույլ տալիս խորասուզվել աշխատանքի մեջ, առանց ուշադրությունն արտաքին հանգամանքներով շեղելու։
FocusWriter-ը գործածողին թույլ է տալիս ստեղծել աշխատանքի սեփական միջավայր՝ թեմաների միջոցով, որոնցով կարելի է ընտրել տառատեսակը, գույները և որևէ նկարով խորապատկեր՝ որոշակի տրամադրություն ստեղծելու համար։ Այն նաև ցույց է տալիս մուտքագրվող նյութի մանրամասն վիճակագրությունը, թույլ տալիս սահմանել աշխատանքի օրական սահմանաքանակ, հնարավորություն ունի մեկ պատուհանում միանգամից շատ նիշքեր բացելու, ուղղագրությունը ստուգելու և այլն։
Բացի դրանից, ծրագիրը բացվելիս լռելյայն ցուցադրում է այն վերջին նիշքը, որի վրա գործածողն աշխատել է, և հենց այն հատվածում, որում նա վերջին անգամ փոփոխություն է կատարել, ինչը հնարավորություն է տալիս շարունակելու աշխատանքն այնտեղից, որտեղ այն վերջին անգամ ընդհատվել էր։